ԹԵՅՇԵԲԱՆԻ ԱՄՐՈՑ (ՕՁԱԲԵՐԴ)

Տիպ: 
Ամրոց
Տեղադրություն: 
Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև
ԹԵՅՇԵԲԱՆԻ ԱՄՐՈՑ (ՕՁԱԲԵՐԴ)

Թեյշաբանի ամրոցը Սևանա լճի ավազանի հնագույն և իր ժամանակի համար հզոր կիկլոպյան ամրոցներից է (մ.թ.ա. 1-ին հազարամյակ): Այն գտնվում է Մարտունու տարածաշրջանի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև ընկած բարձրավանդակի վրա: Ամրոցին տեղացիները «Օձաբերդ» են անվանում:

    Թեյշեբանի ամրոցի վերաբերյալ կա ուրարտական սեպագիր արձանագրություն (մ.թ.ա. 735-714 թ.թ.), որը գրված է բարձրավանդակը երիզող դեպի Սևանա լիճն ուղղղված քարաժայռի վրա` ուրարտական թագավոր Ռուսա I-ի կողմից: Այս արձանագրությունից իմանում ենք, որ Սարդուրի որդի Ռուսան նվաճել է այստեղ արդեն գոյություն ունեցող մի ամրոց, որն, ըստ արձանագրության, պատկանելիս է եղել Ադախունի երկրում բնակվող ցեղին կամ ցեղային միությանը: Արձանագրությունը ցույց է տալիս, որ Վանի թագավորները հեշտությամբ չեն նվաճել ու հարկադրել տեղաբնիկ ցեղերին, ինչպես արձանագրությունում Ռուսան է խոստովանում, գրելով. «Եկա ես հարկերի տարին, կառուցեցի այս ամրոցները այս երկրում վեհապանծ Թեյշեբա աստծո քաղաքը։ Ես այն կառուցեցի Բիաինիլի երկրի հզորության համար և թշնամի երկրների հնազանդեցման համար»: 

    Շուրջ 3-հազարամյա հնություն ունեցոող այս ամրոցից մեր օրերն են հասել պարիսպների և պատերի մնացորդներ, որոնք ուսումնասիրելով հնագետները պատկերացում են կազմել նրա մասին:

    Բարձրավանդակը, որի վրա կառուցված է ամրոցը, Սևանա լճի կողմից ունի ժայռոտ փեշեր, արևելքից զառիվայր իջնում է Արծվանիստ գյուղի վրա, հարավից՝ Վարդենիս լեռներին միանալով դնում է դեպի Կարճաղբյուր գյուղը։ Արևմուտքից սարահարթի լանջերը քիչ թեքություն ունեն, որն ամրոցի կառուցողներին ստիպել է ամրոցի այդ կողմն ամրացնել բարձր ու խոշոր աշտարակներով, հզոր պարիսպներով և որմնահեցերով։ Ամրոցը և բնակատեղին գրավում են 18 հեկտար տարածություն, որից միջնաբերդը 1,5 հեկտար է: Միջնաբերդի ու ամրոցի արևմտյան ընդհանուր պարիսպը ձգվում է արևմուտքից արևելք և ապա թեքվում մի թևով դեպի հարավ-արևելք, մյուսով` հյուսիս-արևելք, 250 մետր երկարությամբ: Պարիսպը իր արտաքին կողմից ունի համաչափ` իրարից մոտ 10 մետր հեռավորության վրա դասավորված որմնահեցեր։ Ամրոց են մտնում երկու լայն ճանապարհներ, որոնք նրա արևելյան կողմից գնում են դեպի միջնաբերդ և պարիսպին մոտենալով` միանում իրար: Մուտքի մոտ, ճանապարհի վերջում, երևում են երկու հզոր աշտարակների հիմքեր: Բացի գլխավոր պարսպից, ամրոցն ունի նաև երկրորդ պարիսպ, որով շրջապատված է եղել ամրոցի շրջակայքում եղած բնակավայրը։

    Ամրոցի գերիշխող մասում է գտնվում միջնաբերդը, որն ունի գրեթե ուղղանկյուն քառանկյան ձև։ Միջնաբերդի հյուսիս-արևմտյան պարսպի կենտրոնում կա երկու մետր լայնությամբ մի մուտք, որի երկու կողմերում, պարսպի ներսի կողմից ունի աշտարակներ, իսկ դեպի դուրս՝ որմնահեցեր։ Մուտքից դուրս եկող ճանապարհը հյուսիս-արևմտյան լանջով ոլորապտույտ իջնում է դեպի բնակավայրը և վերջանում բնակավայրի մուտքի մոտ, որի երկու կողմերում կան խոշոր քարաբուրգեր: Այստեղից մի պարիսպ բարձրանում ու միանում է միջնաբերդի հարավ-արևմտյան անկյունին, ուր կառուցված է ամրոցի ամենահզոր աշտարակը։

    Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամրոցի հիմնական պարիսպները վերակառուցված են, վերակառուցված են նաև որոշ աշտարակներ, իսկ ամրոցի ներսում և  միջնաբերդում տարբեր ժամանակաշրջաններում կառուցված բնակարանների հետքեր կան։ Ուրարտական թագավորը, տիրապետելով այդ խոշոր ստրատեգիական հանգույցին, այստեղ էլ հիմնել է իր ռազմական բազան՝ վերակառուցելով նախկին կիկլոպյան ամրոցը ուրար-տական ռազմական արվեստին համապատասխան։  

    Ունենալով ռազմավարական կարևոր դիրք, ուրարտական ամրոց Թեյշեբանին հանդիսացել է Վանի թագավորության հզոր հենակետը Սևանա լճի հարավային ափին, իր ձեռքում պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին: