ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Իրանի միջուկային օբյեկտները գրոհած վիրուսը նշանավորեց կիբեռնետիկական պատերազմների դարաշրջանի սկիզբը: 2011 թվականի սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Stuxnet անունով համակարգչային վիրուսը լուրջ վնաս է հասցրել իրանական ատոմային ծրագրին: Օգտագործելով օպերացիոն համակարգի խոցելի կողմերը և տխրահռչակ «մարդկային գործոնը» , վիրուսը բարեհաջող կերպով շարքից հանել է Նաթանզի ուրանի հարստացման գործարանի 5000 ցենտրիֆուգաներից 1368-ը, դրանով իսկ խափանելով Բուշերի ԱԷԿ-ի թողարկման ժամկետները: Պատվիրատուն անհայտ է: Իրագործողը համարվում է Siemens ֆիրմայի անբարեխիղճ աշխատակիցը, որն անզգուշորեն միացրել է ֆլեշ-հիշողությունը աշխատանքային կայանին: Հասցրած վնասը համեմատելի է իսրայելական ռազմական օդուժի հարվածի հասցրած վնասի հետ:
Աշխարհը սկսեց խոսել պատերազմների նոր սերնդի մասին: Համաշխարհային մամուլի առաջին էջերը հեղեղեցին տեխնոլոգիական պատերազմների դարաշրջանի գալու մասին մռայլ կանխագուշակումները:
Կիբեռնետիկական հարձակումները կարող են դառնալ ապագայի պատերազմների իդեալական միջոցներ: Նրանք նպատակային են, կործանարար և հիմնականում անանուն: Այսօր շատ պետություններ շտապ կարգով պայմանավորվում են կիբեռնետիկական սպառնալիքներին համատեղ դիմակայելու մասին: Ի՞նչ կլինի հետո, ինչպե՞ս կփոխվի աշխարհը: Ցավոք այս հարցերի պատասխանը դեռ ոչ ոք չգիտի:
Stuxnet վիրուսի գաղտնիքների բացահայտման համար աշխատում են տարբեր բնագավառների փորձագետներ՝ սկսած ինֆորմացիոն տեխնոլոգիաների անվտանգության մասնագետներից մինչև լեզվաբանության և մարդաբանության մասնագետները դեռևս առանց նկատելի հաջողության, չնայած որ այն վաղուց են հայտնաբերել:
Հասկանալի պատճառներով Stuxnet վիրուսի ստեղծողները աշխատում են մնալ ստվերում, բայց այժմ արդեն պարզ է, որ նման բարդության և կատարելության վիրուսը չէր կարող մշակվել մեկ կամ երկու ծրագրավորողների կողմից: Այդպիսի նախագիծը պահանջում է խոշոր ֆինանսական և ինտելեկտուալ ներդրումներ, իսկ այդ նշանակում է, որ դա միայն պետական մասշտաբի կառույցների ուժի գործ է: Բոլոր փորձագետները համաձայնում են այն կարծիքի հետ, որ վիրուսը չէր կարող միայնակ հակերի կամ «մի խումբ էնտուզիաստների» ձեռքի գործը լինել: Համակարգչային անվտանգության բնագավառի մասնագետների կարծիքով վիրուսի ստեղծման համար աշխատել են 6-ից 10 մարդ վեցից մինչև ինն ամիսների ընթացքում, և ծախսվել է մոտավորապես 3 միլիոն դոլլար: Այն հատուկ ստեղծված է արտադրական պրոցեսների կառավարման և քայքայման համար: Եթե առաջ համակարգչային անվտանգության մասնագետները պայքարում էին կիբեռհանցագործների և ինտերնետային խուլիգանների դեմ, ապա հիմա գալիս է կիբեռտեռորիզմի, կիբեռզենքի և կիբեռպատերազմների ժամանակը: Որոշ լրատվամիջոցների կարծիքով վիրուսի ստեղծման հետևում կանգնած է Իսրայելը, բայց դրանք միայն մասնավոր կարծիքներ են:
Իսկ ինչպե՞ս է վիրուսը վարակել իրանական ատոմային օբյեկտի աշխատանքային կայանը: Հասկանալի է, որ նման մակարդակի ավտոմատ համակարգերը միացված չեն համաշխարհային ցանցին: Որոշ փորձագետների կարծիքով վիրուսի գրոհի հաջողությունը կախված է եղել բացառապես մարդկանց միջև կապերից և հասարակ USB սարքերից: «Բավական է USB սարքը միացնել համակարգչին, և Stuxnet վիրուսը ինքնուրույն ներխուժում է օպերացիոն համակարգ, և ոչ մի հակավիրուսային ծրագիր կամ պաշտպանության այլ միջոցներ չեն կարող կանգնեցնել նրան » - նշում են նրանք:
2007 թվականին կիբեռհարձակման ենթարկվեց Էստոնիան, իսկ 2008 թվականին՝ Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ: Եթե հնարավոր է կիբերգրոհը մի ամբողջ պետության վրա, ապա դա նշանակում է, որ այդ չարիքի դեմ պետք է պայքարել պետական մակարդակով: Այն ժամանակ Էստոնիայի պաշտպանության նախարարը նույնիսկ պահանջեց ՆԱՏՕ-ից կիբեռհարձակումը հավասարեցնել ռազմական գործողությունների հետ: Այժմ շատ կառավարություններ լրջորեն մտահոգված են իրենց երկրների կիբեռանվտանգությամբ և մտածում են միավորել իրենց ջանքերը այդ նորագույն սպառնալիքի դեմ, որն ընդունակ է քայքայել մի ամբողջ երկրի տնտեսության ենթակառուցվածքները: Այդ ուղղությամբ արդեն մշակվում են պայքարի անհրաժեշտ միջոցներ, որոնցից կարելի է նշել կիբեռտարածության հավասարեցումը օդային, ցամաքային և ջրային տարածությունների հետ, հակավիրուսային ակտիվ միջոցառումները, երկրի կիբեռտարածության ժամանակին արգելափակումը արտաքին ցանցից, քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը, բոլոր շահագրգռված երկրների ջանքերի համատեղումը և համապատասխան հակավիրուսային ծրագրերի մշակումը:
Այսպիսով կարելի է ասել, որ կիբեռպատերազմը արդեն սկսված է, և ինքնին հասկանալի է, որ Stuxnet համակարգչային վիրուսը տեխնո-սոցիալական հեղափոխության դարաշրջանի միայն առաջին ծիծեռնակն է, ու մի բան արդեն շատ պարզ է, որ պետք է մշտապես պատրաստ լինել դիմակայելու ապագայի այդ լրջագույն մարտահրավերին:
- Log in to post comments