ԳԱՎԱՌ

քաղաք
25 769
2 000մ
Գավառ
40°21′32″ հս.լ. 45°07′36″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Գուրգեն Մարտիրոսյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (264)
Փոստային Ինդեքսներ: 
1201-1205

ԳԱՎԱՌ


 

    Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում: Գավառը հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից գաղթած հայերի կողմից պատմական Գավառական քաղաքի տեղում:

    Ունեցել է Գավառ, Քյավառ, Նոր Բայազետ և Կամո անունները: Գավառ է վերանվանվել 1991թ. : Գավառը քաղաքի կարգավիճակ է ստացել 1850 թվականին և նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր: Բնակչությունը զբաղվում էր նաև արհեստագործությամբ և առևտրով: Քաղաքի առևտրականները գործարքներ էին կնքել Երևանի, Թավրիզի, Թիֆլիսի և, մինչև անգամ, Մոսկվայի հետ: Իշխան ձկան որսի մենաշնորհը պատկանում էր բայազետցիներին: Տնտեսական կյանքի աշխուժացման հետ աճում էր նաև քաղաքի բնակչությունը: 1897թ. քաղաքն ուներ 8486 բնակիչ: XIX դարի վերջին գործում էր երկու ծխական դպրոց և մեկ քաղաքային երկդասյան ուսումնարան, որը Սևանի ավազանի առաջին դպրոցն էր: Գործում էր տպարան: Բայց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի տնտեսությունը քայքայվեց, անկում ապրեցին գյուղատնտեսությունը, առևտուրը և արհեստագործությունը: Խորհրդային իշխանության տարիներին Գավառում թափ առավ արդյունաբերությունը: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ և սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ քաղաքը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը:

    1991թ. Խորհրդային Միության գոյության դադարեցումից հետո արդյունաբերական ձեռնարկությունները դադարեցին գործել: Այժմ Գավառում տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, մասնավորապես կարտոֆիլի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը: Քաղաքն ունի մեկ տասնյակի հասնող հանրակրթական դպրոցներ, երաժշտական դպրոց, մշակույթի տներ, երկրագիտական թանգարան, ԵՊՀ մասնաճյուղ, մարզադպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց և պոլիկլինիկա:

    Գավառում հայտնաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի դամբարաններ, ուրարտական ժամանակների շինությունների մնացորդներ, Ռուսա Ա ուրարտական արքայի սեպագիր արձանագրություն, միջնադարյան հուշարձաններ: Քաղաքի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:

    Հայտնի գավառցիներ են նշանավոր կինոռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանը, խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակողներից, ԽՍՀՄ «ատոմային վահանի» ստեղծողներից, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բուռնազյանը, հայտնի կոնստրուկտոր, ատոմային և ջերմամիջուկային տեխնիկայի մասնագետ Սամվել Քոչարյանցը, հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:

    Գավառի քույր-քաղաքն է Նովոռոսիյսկը (Ռուսաստան) :