geography
Մարզի համառոտ աշխարհագրությունը
Մարզը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով և այդ տեսակետից որոշ իմաստով գտնվում է փակուղու մեջ: Մարզը շրջափակում են Գեղամա, Վարդենիսի, Արևելյան Սևանի, Սևանի, Միափորի և Փամբակի լեռները: Ամենաբարձր լեռներն են՝ Աժդահակը (3598մ) Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Աստղոնքը (3470մ), Գեղասարը (3446մ), Ծարասարը (3427մ) :
Բացի Սևանա լճից մարզում կան Աժդահակի և Արմաղանի խառնարանային լճերը մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ: Սևանա լիճը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն մարզի, այլև ամբողջ հանրապետության համար իր քաղցրահամ ջրի պաշարով: Ամենամեծ գետերն են Հրազդանը (երկարությունը՝ 141կմ) , որը սկիզբ է առնում Սևանա լճից, և որի միայն մի մասն է գտնվում մարզում, Արգիճին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), որոնք թափվում են լճի մեջ:
Մարզում մինչև միջին բարձրությունները գերակշռում են լեռնային սևահողերը և փետրախոտային տափաստանները, իսկ բարձր լեռնային գոտում՝ լեռնամարգագետնային հողերը իրենց մերձալպյան և ալպյան բուսականությամբ: Սևանա լճի առափնյա տարածքը մասնակիորեն զբաղված է արհեստական անտառով: Պահպանվել են կաղնու և գիհու փոքրիկ պուրակներ:
Կենդանական աշխարհը հարուստ չէ, Սևանա լճի ծանծաղելու հետևանքով խիստ կրճատվել են ձկան նախկինում հարուստ պաշարները:
Մարզում կան մեծ արժեք ներկայացնող օգտակար հանածոներ՝ քրոմիտի, ոսկու, բազալտի, պեռլիտի, հրաբխային տուֆի, հանքային աղբյուրների պաշարներ:
Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը՝ ցուրտ և երկարատև, ամառը՝ տաք և արևոտ: Մարզի կլիմայի վրա բարերար ազդեցություն ունի Սևանա լիճը, որի շնորհիվ մեղմանում է ձմեռային սառնամանիքը և ամառային շոգը: Մթնոլորտային տեղումները շատ չեն:
Գեղարքունիքը հարուստ է պատմական հուշարձաններով, այդ թվում նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերով, ամրոցներով, բնակավայրերով և սեպագիր արձանագրություններով: Լճից ազատված տարածքներում՝ մասնավորապես Լճաշենի տարածքում, հայտնաբերվել են 5000-ամյա հնության դամբարաններ, որտեղից գտնվել են բազմաթիվ արժեքավոր հնություններ: Մարզի տարածքում կան բազմաթիվ միջնադարյան եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր:
Գեղարքունիքի մարզի մեջ մտնում է նաև Արծվաշեն անկլավը, որը շրջապատված է Ադրբեջանի տարածքով, և 1992 թվականից մինչ այսօր գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված վիճակում: