history

Գեղարքունիքի մարզի համառոտ պատմությունը

 


 

Ուրարտական սեպագիր արձանագրություն

    Գեղարքունիքի մարզը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից, որի մասին վկայում են հայտնաբերված հինգհազարամյա դամբարանները, կիկլոպյան ամրոցները, քարանձավ-բնակարանները, ուրարտական սեպագիր արձանագրությունները և այլ պատմական հուշարձանները: Մարզի տարածքում հայտնաբերվել են պալեոլիթի (հին քարե դար), մեզոլիթի (միջին քարե դար) բնակելի քարանձավներ, ինչպես նաև քարե կացարանների հետքեր: Այն ժամանակներում Սևանի ավազանի տարածքը ծածկված է եղել անտառներով, որոնցում կենդանական աշխարհը շատ հարուստ է եղել, իսկ գետերը՝ լի ձկներով: Նախնադարյան մարդիկ զբաղվել են որսորդությամբ և ձկնորսությամբ՝ օգտագործելով թակարդներ, նիզակներ, նետ ու աղեղ և այլ միջոցներ: Նեոլիթի կամ նոր քարե դարում հայտվեցին նաև գետնափոր և կիսագետնափոր տներ: Սկսեցին ընտելացնել կենդանիներին և հող մշակել:

   Հայտնաբերված ժայռապատկերները պատկերացում են տալիս միջին քարե դարում Սևանի ավազանում ապրող ցեղախմբերի զբաղմունքի, հավատալիքների, անտառներում ապրող կենդանիների մասին: Վարդենիսի լեռնաշղթայի Սև սարի վրա հայտնաբերված ժայռապատկերը վկայում է այն մասին, որ մեր նախնիները հավանաբար պատկերացում ունեին նաև տիեզերքի մասին:

   1956 թվականին, Սևանի մակարդակը իջնելուց հետո, Սևանի շրջանի Լճաշեն գյուղի մոտ հայտնաբերվեցին մ. թ. ա. երրորդ հազարամյակի բնակավայր և դամբարաններ: Պեղումների արդյունքում հայտնաբերվեցին բազմաթիվ գտածոներ, որոնց մեծամասնությունը վերաբերում են միջին բրոնզե դարին: Այդ գտածոները վկայում են Սևանի ավազանում բնակվող նստակյաց ցեղերի զարգացման բարձր աստիճանի մասին դեռևս մինչուրարտական ժամանակներում: Հայտնաբերված արտեֆակտերը՝ բրոնզից և պղնձից պատրաստված զենքեր, կենցաղային պարագաներ, կենդանիների արձանիկներ, ոսկուց և արծաթից զարդեր և ամանեղեն, փայտե սայլեր ու ռազմական մարտակառքեր, այժմ գտնվում են Հայաստանի պատմության թանգարանում  և Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի հանրահայտ Էրմիտաժ թանգարանում: Հայտնաբերվածներից հատկապես ուշադրության է արժանի Ուրարտուի արքա Արգիշտի I-ի սեպագիր արձանագրությունը:

  Մ.թ.ա. III դարում մարզի տարածքը գտնվում էր Երվանդունիների հայկական թագավորության կազմում, իսկ մ.թ.ա. II դարում Արտաշես I արքայի թագավորության կազմում: Այդ մասին են վկայում Արտաշես I արքայի թագավորության արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերը, որոնք հայտնաբերվել են մարզի տարբեր վայրերում: Մարզի տարածքը հիմնականում գտնվել է Մեծ Հայքի Սյունիք նահանգում: Մ.թ. V դարից Գեղարքունիքը գտնվել է Պարսկաստանի, արաբների, Բյուզանդիայի, սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների լծի տակ: Որոշ հայ իշխանների միայն կարճ ժամանակահատվածով հաջողվել է Գեղարքունիքը վերցնել իրենց տիրապետության տակ: Գեղարքունիքի տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձություններից հատկապես ուշագրավ է մ.թ. 924թ. տեղի ունեցած Սևանի ճակատամարտը հայկական և արաբական զորքերի միջև, որի ժամանակ հայկական զորքը Աշոտ Երկաթ Բագրատունի թագավորի գլխավորությամբ ջախջախեց թշնամուն: Այդ ճակատամարտը շրջադարձային նշանակություն ունեցավ ազատագրական պատերազմի պատմության մեջ, որով խափանվեցին Արաբական խալիֆայության ծրագրերը գրավելու Անիի թագավորությունը: Այդ ճակատամարտը փայլուն ձևով նկարագրված է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում:

    Օտարների լծի տակ Գեղարքունիքի բնիկ հայ բնակչությունը ենթարկվել է աննկարագրելի հարստահարման, ֆիզիկական բնաջնջման, կողոպուտի, և ստիպված է եղել 18-րդ դարի 20-30-ական թվականներին գրեթե հիմնովին լքել մարզի տարածքը: 1828թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը, որի կազմում էր Գեղարքունիքը, անջատվում է Պարսկաստանից և միանում է Ռուսաստանին: Գեղարքունիքի մարզի տարածքը ընդգրկվում է Երևանի նահանգի մեջ: 1830-ական թվականներին Գեղարքունիքը վերաբնակեցնում են Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից տեղափոխված հայերով, որոնք հիմնականում գաղթել էին Մակուից, Ալաշկերտից, Բայազետից և Մուշից: Այդ ժամանակից սկսվում է Գեղարքունիքի նոր պատմությունը: 19-րդ դարի 40-ական թվականներին մարզի տարածքում բնակվեցին նաև կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները, որոնք հիմնադրեցին Ելենովկա (այժմ Սևան) քաղաքը:

    1918թ.-ից Գեղարքունիքը գտնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում, իսկ 1920թ.-ից սկսած՝ Խորհրդային Հայաստանի կազմում: Մարզի տարածքում մեծ դեմոգրաֆիկ փոփոխություններ տեղի ունեցան 1988թ. սկսված ադրբեջանա-հայկական հակամարտության ընթացքում: Մարզում բնակվող բազմաքանակ ադրբեջանցիները արտագաղթեցին Ադրբեջան, իսկ 1988 – 1991թթ. ընթացքում մարզի տարածքում վերաբնակվեցին Ադրբեջանից բռնագաղթած հայերը: Վերջին 20 տարիների ընթացքում տնտեսական ծանր պայմանների հետևանքով Գեղարքունիքի մարզից զգալի քանակությամբ մարդիկ ժամանակավորապես կամ մշտական տեղափոխվել են Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ և այլ երկրներ, որի պատճառով նկատելիորեն նվազել է մարզի բնակչության թիվը:

Արայիկ Մարտիրոսյան