ԼՃԱՇԵՆԻ ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Տիպ: 
Ամրոց
Տեղադրություն: 
Լճաշեն գյուղ
ԼՃԱՇԵՆԻ ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Լճաշենը տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձանների համալիր է: Այն իրենից ներկայացնում է մինչուրարտական ժամանակաշրջանի բնակավայր, որը շրջապատված է եղել կիկլոպյան պարսպաշարերով: Հուշարձանախումբը բաղկացած է պարսպապատ քաղաքատեղիից և ընդարձակ դամբանադաշտից։

    Դամբանադաշտը զբաղեցնում է ներկայիս Լճաշեն գյուղի ողջ տարածքը և շարունակվում է դեպի արևելք՝ Չկալովկա գյուղը։ Երկարությունը շուրջ 2 կմ է, լայնությունը՝ 200 մետրից մինչև 1,5 կմ։

    Բնակատեղին հիմնվել է վաղ բրոնզի դարում (մ.թ.ա. IV հազ. վերջ-III հազ. կես), և ուշ բրոնզի դարում ընդարձակվելով (մ.թ.ա. XV– XIV դարեր), դարձել է տարածաշրջանի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը։ Վանի թագավորության շրջանում նույնպես այն եղել է խոշոր քաղաք, զբաղեցնելով շուրջ 30 հա տարածք։ Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները, Կիկլոպյան ամրոցի և Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները, ինչպես նաև` Իշտիկունի քաղաքի գրավման մասին Արգիշտի առաջինի արձանագրությունը: Արձանագրությունն արված է երեսով դեպի լիճն ուղղված մի քարաժայռի վրա, որտեղ գրված է. «Խալդի աստծո հզորությամբ Արգիշտին ասում է. Նվաճեցի ես Կիեխունի քաղաքի երկիրը, հասա ես մինչև Իշտիկունի քաղաքի երկիրը, Sana-ի կողմից լիճը... Արգիշտին թագավոր հզոր, թագավոր՝ Բիաինիլի երկրի, կառավարող Տուշպա քաղաքի»:

   Լճաշենի հուշարձանախմբի ուսումնասիրությունները սկսվել են 1950-ական թվական-ներից: Դեռևս 1955-1960-ական թվականների պեղումները ցույց տվեցին, որ այստեղ պահպանվել է բրոնզեդարյան մի բացառիկ հուշարձան, որի ուսումնասիրությունը առ-անցքային նշանակություն ունի Հայկական լեռնաշխարհի և Անդրկովկասի հնագույն պատմության վերհանման համար։ Միայն այն հանգամանքը, որ ուշ բրոնզի դարում, Անդրկովկասում տարածված հնագիտական մշակույթը ստացել է Լճաշենյան մշակույթ անունը, վկայում է այս հուշարձանի բացառիկ նշանակության մասին։

    Լճաշենի կիկլապյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին գտնվում են ներկայիս Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրերի վրա։ Այն գրավում է ավելի քան 55 հեկտար տարածություն, որը փռված Է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա: Այն ունի երկու միջնաբերդ, 22 մանր ու խոշոր քարաբուրգեր ու աշտարակներ։ Ամրոցը շրջակայքից բարձր է 50-100 մետրով և իշխող դիրք ունի:

    Ամրոցն ու բնակատեղին շրջափակված են եղել բարձր ու լայն բերդապարիսպներով, որի րնդհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Վերջիններս շարված են խոշոր բազալտե ժայռաքարերի բեկորներով: Պատերի շարքերի մեջ լցված են փոքր քարեր և խիճ: Քարերն անտաշ են, սակայն շարված են այնպես, որ նրանց առավել հարթ կողմերը դարձված են դեպի դուրս։ Պարիսպը երկշար է, լայնությունր երեք ու կես մետր է, իսկ առավել խոցելի մասերում, ինչպես նաև միջնաբերդերի մուտքերին մոտ գտնվող հատվածներում, պարսպի լայնությունր հասնում է հինգ և ավելի մետրի։

    Ամրոցը կառուցողները ճիշտ են օգտագործել տեղանքի առանձնահատկությունները։ Պարիսպը կառուցվել է բլուրների առավել բարձր լանջերի վրա, որոնք իրենց մեջ են ընդգրկել անմատչելի ժայռեր: Հզոր քարաբուրգերը տեղադրվել են ամենաբարձր բլուրների վրա։ Ամրոցն ավելի ամուր և անխոցելի դարձնելու համար պարիսպները կառուցվել են ոչ թե ուղիղ, այլ կոր գծով, որը հնարավորություն է ընձեռում տարբեր կողմերից դիմադրել և հարվածներ հասցնել առաջացող թշնամուն։ Այն հատվածները, որոնք ավելի թույլ կամ խոցելի են եղել, ունեցել են կրկնապարիսպներ և նույնիսկ եռապարիապներ:

    Շրջափակող պարիսպներից բացի, կառուցվել են նաև միջնաբերդի գագաթից իջնող ուղղահայաց պարիսպներ, որոնք հավանաբար նախատեսված են եղել կանխելու թշնամու հարձակման ծավալումը` պարսպի հատվածներից որևէ մեկի խորտակման դեպքում: Ուղղահայաց պարիսպներում թողնված են գաղտնի նեղ մուտքեր, ըստ երևույթին, ամրոցի հսկողությունն իրականացնող պարեկների համար:

    Ամրոցն ունի երկու միջնաբերդ: Առաջին միջնաբերդը կառուցված է ամրոցի արևելյան մասում եղած ամենաբարձր` ձվաձև, արևելքից-արևմուտք ընկած բարձունքի վրա, զբաղեցնում է ավելի քան մեկ հեկտար տարածություն: Միջնաբերդի շուրջը տարբեր բարձրությունների վրա կառուցված են երեք շարք պարիսպներ, որոնք տեղ-տեղ հիմնահատակ կործանվել են։ Միջնաբերդն ունեցել է չորս մուտք: Առաջինը դեպի արևմուտք նայող մուտքն է, որը հետագայում փակվել է, ունեցել է վեց մետր լայնություն, նրա երկու կողմերում բարձրացել են երկու հզոր աշտարակներ, որոնք հսկել են միջնաբերդից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ընկած ուղղությունները: Միջնաբերդի երկրորդ մուտքը նայում է դեպի հյուսիս։ Այն, հավանորեն, գոյություն է ունեցել միջնաբերդի կառուցման աոաջին իսկ օրերից: Երրորդ մուտքը արևելյան կողմից է, որը նայում է դեպի լիճը և ավելի նեղ է, ունի մեկ ու կես մետր լայնություն: Չորորդ մուտքը իր կառուցվածքով նման է երրորդին, միայն այս մուտքի լայնությունը մեկ մետր է, դարձած է դեպի հարավ, որտեղ տարածված է բնակատեղիի հիմնական մասը:

    Երկրորդ միջնաբերդր գտնվում է ամրոցի հյուսիս-արևմտյան ծայրամասում, առաջինից 300 մետր հեռու ընկած գոգավոր բլրի վրա, որտեղ պահպանվել են  բարձունքի գագաթի եզրերով անցնող չորս մետր լայնությամբ պարսպի հիմքեր։ Այն գրավում է մոտ մեկ հեկտար տարածություն: Միջնաբերդն իր դիրքով  իշխում է աոաջին միջնաբերդի տեսադաշտից դուրս մնացած ուղղությունների վրա և հավանաբար կառուցվել է հյուսիսից և հյուսիս-արևմուտքից սպասվող աոավել վտանգավոր թշնամուն դիմակայելու համար: Այս միջնաբերդը, առաջինի նման, բացի հիմնական պարսպից, ունի նաև կրկնապարիսպ, որն իր կառուցման տեխնիկայով չի տարբերվում ամրոցի պարիսպներից, սակայն ավելի ցածր է քան առաջինը։  Այն իր հարավ-արևելյան մասում ունի մեկ մուտք, որը դուրս է գալիս դեպի արևելյան կողմում եղած բնակատեղին: Մուտքից աջ և ձախ պարիսպների հիմքերը ավելի  լայն են, քան ընդհանուր պարսպինը, որտեղ հավանաբար եղել են աշտարակներ։

    Ամրոցի և միջնաբերդի տարածքներում, ինչպես նաև ամրոցից դուրս` պահպանվել են այդ ժամանակի բնակարանների բազմաթիվ ավերակներ։ Բնակատեղիները հիմնականում կիսաբոլորաձև հատակագիծ ունեն, կան նաև քառանկյունի տներ։ Բնակավայրերի պեղումներից ստացված նյութերը ցույց են տալիս, որ Լճաշենի ամրոցը կառուցվել է դեռևս էնեոլիթյան շրջանում։ Այստեղից գտնված նյութերը պատկանում են տարբեր ժամանակաշրջանների: Նույնը պետք է ասել նաև ամրոցի պարիսպների ու պատերի շարվածքների մասին: Անտաշ, անձև հսկա շարվածքների տեխնիկան տարբերվում է ուրարտական ժամանակաշրջանի շինարարական տեխնիկայից: Այստեղ նկատվում են բավականին ուղիղ գծով շարված պատեր, քարերը տաշված են, մշակված կողերը նայում են դեպի դուրս: Միջնաբերդերի մուտքերի ու աշտարակների շարվածքը կատարված է ավելի խնամքով, որից երևում է, որ այն վերաբերում է ավելի ուշ շրջանի: Ուշ բրոնզի ժամանակաշրջանում միջնաբերդի շենքերը զգալի չափերով ընդլայնվել ու վերակառուցվել են, որոնք պահպանվել են մինչև ուշ միջնադար: Այս ամենը հիմք են տալիս ենթադրելու, որ Լճաշենի ամրոցը և նրա միջնաբերդերը ունեցել են կառուցման տարբեր փուլեր: 

    Լճաշենի ամրոցն իր բազմաթիվ կառուցվածքներով, մուտքերով ու ելքերով, աշտարակներով ու կոնտրֆորսերով, միմյանց հատող պարիսպներով նման է մի վերերկրյա լաբիրինթոսի։ Այն, ամբողջությամբ վերցրած, հանդիսացել է մի դժվարամատ֊չելի ու   անխորտակելի պատվար Սևանի ավազանի հյուսիս-արևմտյան  վերջավորության վրա և ապահովել այդտեղ բնակվող ցեղերի  անվտանգությունը հյուսիսից։