ՄԱՐՏՈՒՆԻ

քաղաք
12 117
2 000մ
Մարտունի
40°40′01″ հս.լ. 45°15′16″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Բագրատ Հարությունյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (262)
Փոստային Ինդեքսներ: 
1401, 1402

ՄԱՐՏՈՒՆԻ


 

    Մարտունի քաղաքը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան ափին, Վարդենիսի լեռների հյուսիսային ստորոտում: Մարտունին հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Մանկասար, Բադնոց, Բերդ և այլ գյուղերից, ինչպես նաև Սուրմալուից և Վասպուրականից ներգաղթած հայերի կողմից:

    Ունեցել է Մեծ Կզնուտ, Ներքին Կզնուտ, Ներքին Ղարանլուղ անունները: Բնակավայրը Մարտունի է անվանվել խորհրդային կարգերի հաստատումից հետո ի պատիվ խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի: Քաղաքի կարգավիճակ է ստացել 1983 թվականին: Նախախորհրդային շրջանում բնակիչները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ և ձկնորսությամբ: Արդյունաբերություն չի եղել: Խորհրդային շրջանում կառուցվել են մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցից հիմա գործում են հացի գործարանը, բետոնե կոնստրուկցիաների գործարանը, գորգերի արտադրությունը: Գործում են պլաստմասսայե և ալյումինե դռների, պատուհանների փոքր արտադրություններ: Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, մասնավորապես կարտոֆիլի մշակությունը, անասնապահությունը: Բավականին զարգացած է առևտուրը: Քաղաքում գործում են 3 հանրակրթական դպրոց, որոնցից մեկը ավագ դպրոց, քոլեջներ, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց, մարզադպրոց, երկրագիտական թանգարան, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզներ, հյուրանոց, հիվանդանոց և պոլիկլինիկա: 1991 թվականից հետո Մարտունուց արտագաղթել են բազմաթիվ մարդիկ, իսկ աշխատատեղերի բացակայությամբ պայմանավորված շատերը մեկնում են աևտագնա աշխատանքի:

    Մարտունու տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. II հազարամյակի դամբարաններ, հնագույն բնակատեղի, կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Քաղաքում պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, գերեզմանոց խաչքարերով, Վանք սրբատեղի:

    Խորհրդային շրջանում գործում էր «Մարտունի» հանգստյան տունը, որտեղ ամառային ամիսներին հանգստանում էին բազմաթիվ մարդիկ: Ցավոք, հիմա այն չի գործում, իսկ Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով լողափը մնացել է ջրի տակ:

    Մարտունու տարածքով անցնում են «Հարավ-Հյուսիս» միջպետական և Երևան-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհնները: