ՄԱՍՐՈՒՑ ԱՆԱՊԱՏ

Մասրուց Անապատը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում: Եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, բայց իր բնույթով նման է Գեղարքունիքի IX-X դարերի կառուցումներին: Այն փոքր գմբեթավոր եկեղեցի է, շինված կիսասրբատաշ քարերով: Հատակագծում ունի եռաբսիդ կոմպոզիցիա, վերցված արտաքին ուղղանկյուն եզրագծի մեջ, որը սյունյաց դպրոցի առավել տարածված լուծումներից է: Կառույցին յուրահատուկ է հատակագծային ձևերի ձգվածությունը: Ոչ մեծ չափսերի պատճառով եկեղեցու աբսիդները ուղղակի հպվել են միմյանց, իսկ արևելյան ավանդատների մուտքերը յուրահատուկ դասավորություն ստացել: Մուտքը հյուսիսից է, որի դիմաց եղել է հասարակ գավիթ:
Շինարարական տեխնիկայի տեսակետից հուշարձանը հիշեցնում է Սևանի եկեղեցիներն ու Հայրավանքը, որտեղ առավել պատասխանատու մասերը շարված են համեմատաբար կանոնավոր մշակված տուֆ քարերից: Այդպիսի շարվածքով է իրականացված եկեղեցու գմբեթակիր կամարները, առագաստները և ամբողջ գմբեթը: Գմբեթի և խաչաթևերի տանիքածածկն իրականացված է հարթ, ուղղանկյուն սալերով: Խաչաթևերի տանիքներն համեմատաբար փոքր թեքություններ ունեն և եզերվում են պարզագույն քիվերով:
Եկեղեցու պատերին և շուրջը կան արձանագրություններ, որոնցից հնագույնը XIII դարի է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կառույցը բազմիցս ենթարկվել է ձևափոխությունների ու վերակառուցումների: Այդ նորոգումների ժամանակ օգտագործվել են նաև Շողագավանքի փլատակներից բերված սրբատաշ քարեր, որոնցից շատերը կրում են վերջինիս շինարարական արձանագրության մասեր:
Ամբողջովին վերկառուցված է եկեղեցու հարավ-արևմտյան ավանդատունը: Այն հյուսիսային կողմից ունեցել է դեպի եկեղեցու ներսը տանող մուտք, որը շարված փակված է, իսկ արևմտյան կողմից, արտաքին պատի մեջ, բացված է նոր մուտք: Հավանական է համարվում, որ այդ ձևափոխությունը կատարվել է ավանդատան վերակառուցման ժամանակ:
Եկեղեցին ունի պարսպով շրջափակված բակ: Բակում և եկեղեցու գավիթում շատ խաչքարեր կան, որոնցից ամենահինը պատրաստված է 1292 թ.:
Վերջին անգամ Մասրուց Անապատը վերանորոգվել է 1976 թ., ներկայումս կանգուն է և համարվում է գործող եկեղեցի: