ԲԵՐԴԻ ԳԼՈՒԽ ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑ

Տիպ: 
Ամրոց
Տեղադրություն: 
Գավառ քաղաք
ԲԵՐԴԻ ԳԼՈՒԽ ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնում բարձրացող սարահարթի արևմտյան կողմում գտնվում է վաղ երկաթի դարի (մ.թ.ա. II-I հազարամյակ) Բերդի գլուխ կոչվող կիկլոպյան ամրոցի ավերակները։

     Ամրոցի երկարությունը արևմուտքից դեպի արևելք ավելի քան 400 մետր է, այն սկսվում Է բարձունքի արևմտյան վերջավորության զառիթափից և վերջանում արևելյան մասում` չորս մետր լայնություն ունեցող պարսպով: Ամրոցի միջին լայնությունը հյուսիսից հարավ 110 մետր է։ Ամրոցը միջնաբերդի հետ զբաղեցնում է շուրջ 5,0 հեկտար տարածություն, որից  միջնաբերդը՝ 1,5 հեկտար: Ամրոցի կենտրոնական և միջնաբերդի հարավարևմտյան մասերում կացարանների հետքեր կան, որոնց պատերի մեկ շարքը երևում է հողի երեսին։ Կացարանների հետքեր երևում են նաև սարահարթի հարավային լանջերում։

    1927 թ. ամրոցի տարածքում Թ. Ավդալբեգյանի կողմից հայտնաբերված ուրարտական արձանագրությունը զգալի պարզություն մտցրեց Վելիկուխի երկրի և Բերդի գլուխ ամրոցի պատմության ուսումնասիրման մեջ։

    Արձանագրությունում գրված է հետևյալը.

    "Խալդի Աստծո հզորությամբ Ռուսան, Սարդուրի որդին ասում է. Վելիկուխի երկրի թագավորին ես հաղթեցի, (իմ) ստրուկը ես (նրան) դարձրի, երկրից ես (նրան) հեռացրի (իմ) փոխարքա-(մարզի կառավարիչ) այնտեղ ես դրեցի Խալդի աստծո դուռն (և) վեհապանծ ( ՞ ) ամրոց ես կառուցեցի, անունը (նրա համար) դրեցի "Խալդի աստծո քաղաք"։ (Ես նրան կառուցեցի) Բիաինիլի երկրի հզորության համար (և) հակառակորդի երկրին զսպելու ( ՞ )։ Ռուսան՝ Սարդուրի որդին հզորագույն, որը Բիաինիլի երկիրն է կառավարում":

    Արձանագրությունից պարզ է դառնում, որ Գավառագետի հովիտը նախաուրարտական շրջանում կոչվում էր Վելիկուխի երկիր, որ ուրարտական Ռուսա 1 (730—714/713) թագավորը նվաճեց Վելիկուխին, որ այնտեղ տաճար ու ամրոց կառուցեց Խալդի աստծո անունով, նոր կառավարիչ նշանակեց։

    Վելիկուխիի մասին այլ տեղեկություններ ենք ստանում Ռուսայի հոր` Սարդուրի II թագավորի արձանագրությունից (760- 730 թթ. մ. թ.ա.)։

    "... Սարդուրին ասում է... միայն մեկ ջոկատով ( ՞ ) ռազմերթով ելա դեպի Վելիկուխի երկիրը, նվաճեցի ես Վելիկուխի երկիրը. 22 ամրացված միջնաբերդեր մարտում ես նվաճեցի, ամրոցներ քանդեցի, քաղաքներ հրկիզեցի, երկիրն ավերեցի, տղամարդկանց (և) կանանց ես քշեցի Բիաինիլի երկիրը¦: Սարդուրին ասում է. իմ առաջ ներկայացավ Վելիկուխի երկրի թագավոր Նիգինինը, ընկավ երեսնիվայր։ Ես նրան (իմ) ստրուկը դարձրի, խնայեցի ես նրան հարկ վճարելու պայմանով, Սարդուրի թագավորին հարկ վճարելու Սարդուրիի համար... ":

    Այստեղից երևում է, որ Սարդուրին Գավառագետի հովտում և նրա շրջակայքում, որոնք մտել են Վելիկուխիի սահմանների մեջ, նվաճել ու ոչնչացրել է 22 կիկլոպյան ամրոցներ, հպատակեցրել է նրա թագավորին։

    Այսպիսով, ուրարտական արձանագրությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վելիկուխի երկրի ամրոցները, այդ թվում և Բերդի գլուխ կենտրոնական ամրոցը, կառուցված են եղել ուրարտացիներից առաջ, իսկ Խալդի քաղաքն ու §խալդյան դռները¦ կառուցվել են ուրարտացիների կողմից Վելիկուխիի նախաուրարտական ամրոցի փլատակների վրա:

    Բերդի գլուխ ամրոցը ունեցել է երկու շինարարական շրջան՝ նախաուրարտական և ուրարտական։ Ուրարտական ամրոցն արտաքինից երևացել է որպես մի ամբողջություն, չորս կողմից շրջապատված ամուր պարիսպներով, որոնց վրա եղել են բարձր աշտարակներ։ Ամրոցի հարավ-արևելյան անկյունում եղել է մի հսկա աշտարակ, որից դիտվել է Գավառագետի ողջ հովիտը, Մըռթբի ձորի և Արծվաքարի երկու ամրոցները։ Աշտարակի հիմքն ունի 4 x 4 մետր չափսեր և կառուցվածքով նման է ամրոցի մյուս պարիսպներին։

    Ամրոցը ներսում միջնապարսպով բաժանված է եղել երկու մասի՝ արևմտյան և արևելյան: Արևմտյան մասը քիչ ավելի բարձրադիր է և ավելի քիչ տարածություն է գրավել։ Իր հարավային, արևմտյան և մասամբ հյուսիս-արևմտյան կողմերից ավելի անառիկ է, որտեղ հավանորեն եղել է միջնաբերդը։ Արևելյան մասը, որն ավելի ընդարձակ է, հանդիսացել է պարսպապատված բնակավայրը:

    Բերդի գլուխ ամրոցը ջրազուրկ է եղել և ենթադրվում է որ այն ունեցել է ստորերկրյա ճանապարհ, որով կապվել է Գավառագետի հետ` ամրոցի պաշարման ժամանակ այնտեղից գետնուղով ջուր տանելու համար։ Հավանական է համարվում, որ գետնուղին կառուցվել է ուրարտացիների տիրապետության ժամանակ` ստրկացված Վելիկուխիի ժողովրդի ձեռքով: Հետազոտողները գետնուղու ելքը հայտնաբերել են, որը գտնվում է  Գավառագետից մոտ 100 մետր հեռավորության վրա: Անցքը ելքի մոտ լայնացվել է և առաջացել է մի ընդարձակ արհեստական քարանձավ, որտեղ կարող են տեղավորվել 10—12 մարդ։ Գետնուղու որոշ հատվածներ նույնպես հայտնաբերվել են, սակայն մուտքի տեղը ամրոցից դեռևս չի գտնված:

    Բերդի-գլխի հարավ-արևելյան անկյան ուղղությամբ, գետի վրա կա սալաքարերից կառուցված կամուրջ: Կամուրջը համարյա պահպանվել Է մինչև այսօր, տեղացիները այն անվանում են "Քարե կարմնջներ"։ Կամուրջն Ուրարտուի ժամանակաշրջանի հազվագյուտ կառույցներից է։ Այն ունեցել է  6-8 թռիչք, ծածկված խոշոր սալաքարերով։ Վերջիններիս երկարությունը հասնում Է 3,5 մետրի, կան ավելի երկարներր, լայնությունը մեկ մետրից ավելի է, սալաքարի հաստությունը 0,4—0,6 մետր է, դրանք զույգերով դրված են խոշոր ու անտաշ քարերից շարված հենասյան վրա։ Այսպիսով, երկու սալաքարերի միացումից ստացվել է 2,5 մետր լայնություն ունեցող կամուրջ, որի վրայով մեկ ուղղությամբ կարող էին շարժվել ժամանակի սայլերն ու մարտակառքերը, որոնց լայնությունը եղել է 1,70 մետր: Սալաքարերն իրենց մի անկյունում, հաճախ երկու անկյունում, նույն ուղղությամբ ունեն 5 - 7 սանտիմետր տրամագծով անցքեր, որոնց ամրացվել են փոկերը եզների կամ գոմեշների օգնությամբ նրանց  քարահանքից տեղափոխելու համար:

    Կամրջի կառուցման հարցում կա մի այլ կարծիք, ըստ որի այն միջնադարյան ժամանակաշրջանի կառույց է: Սակայն ենթադրվում է, որ այդ դարերում, հավանաբար, կամուրջր վերակառուցվել է:

    Գետի հարավային ափի բարձունքի լանջում, որն ընկած է ուղիղ քարե կամրջի դիմաց, երևում է մի ճանապարհի հետք, 3 - 4  մետր լայնությամբ։ Այն ուղղված է դեպի Մըռթբի-ձորի կիկլոպյան ամրոցը: Կամուրջն ու ճանապարհի հետքը հիմք են տալիս ենթադրելու, որ Բերդի-գլխից դեպի հարավ անցել են ուրարտական սուրհանդակները, գումակն ու բանակը։

    Ամրոցում կատարված հետազոտությունները և այնտեղից հայտնաբերված նյութերը ցույց են տալիս, որ Վելիկուխին նշանավոր երկիր է եղել իր բնակավայր-ամրոցներով ոչ միայն ուրարտացիների տիրապետության շրջանում, այլ նաև նրանից առաջ` երկրորդ հազարամյակի վերջերից սկսած, և նրանից հետո` մինչև մեր թվականության առաջին դարերը։ Պատմաբանները գտնում են, որ չնայած ուրարտական թագավորության անկումից հետո §Բերդի գլուխ¦ ամրոցը և §Խալդի քաղաքը¦ կորցրել են իրենց նշանակությունը որպես Վանի թագավորության հենարաններից մեկը, սակայն կյանքն այնտեղ չի դադարել և բնակավայրն իսպառ չի վերացել:

    Վելիկուխին չի կորցրել իր նշանակությունը նաև վաղ Հայկական ժամանակաշրջանում, համենայն դեպս մինչև մեր թվականության առաջին դարերը: