ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Տիպ: 
Եկեղեցի
Տեղադրություն: 
Մաքենիս գյուղ
Կոորդինատներ: 
40.1251 հս.լ. 45.6133 ավ.ե.
ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Մաքենյաց վանքը Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի նշանավոր վանքերից մեկն է: Այն գտնվում է ներկայիս Վարդենիսի տարածաշրջանի Մաքենիս գյուղի մոտ` ձոր իջնող բլրալանջի վրա:

    Մատենագրական աղբյուրներում և վիմական արձանագրություններում վանքն հիշատակված է Մաքենոց, Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից և այլ ձևերով: Պատմական տեղեկությունները նրա մասին հասնում են մինչև. VII դարը: Մովսես Կաղանկատվեցու վկայությամբ` վանքը մեծ համբավ է ձեռք բերում հատկապես Սողոմոն Գառնեցու վանահայրության տարիներին (760-ական թթ): Արաբական արշավանքների ժամանակ եկեղեցու վանահայրերը ցրվում են այլ վանքեր և Մաքենյաց վանքը կորցնում է իր նախկին փառքը:

    Ավերումներից հետո` 788 թ վանքը վերանորոգվել է, սակայն հիմնականում վերածնունդ է ապրել 9-րդ դ. երկրորդ կեսերին, երբ Գեղարքունիքի գահակալ իշխան է դառնում Գրիգոր Սուփան 2-րդը: 9-րդ դարի վերջում նա հիմնովին վերակառուցում է վանքի գլխավոր` սբ. Աստվածածին եկեղեցին և այստեղ կատարում ընդարձակ կառուցումներ: Իր այս կատարած գործերի մասին եկեղեցու արևելյան պատի վրա նա գրել է տվել մի մեծ արձանագրություն, որի բեկորներն են միայն պահպանվել: Պատմագիր Ստ. Օրբելյանը ժամանակին այն արտագրել է և տեղադրել իր աշխատության մեջ: Տաճարի պատերին պահպանվել են այլ վերանորոգումների, այդ թվում նաև  17-րդ դ. վերանորոգման մասին արձանագրություններ:

    Մաքենյաց վանքը Գեղարքունիի ամենահեղինակավոր վանքն է եղել, ունեցել է ընդար-ձակ կալվածքներ և սեփական գյուղեր: Այն ունեցել է նաև վաճառատներ Անի մայրաքաղաքում: 11-րդ դ. սկզբին վանքը որոշ ժամանակ եղել է Գեղամա թեմի եպիսկոպոսանիստը:

    Պատմագրության մեջ Մաքենյաց վանքը հիշատակվում է որպես գրչության կենտրոն: Այն նշանավոր դեր է կատարել դպրության, մանավանդ եկեղեցական կարգերին վերաբերող գրականության ասպարեզում. տվել է շատ  բարձրաստիճան  հոգևորականներ։ Այստեղ է գործել Ստեփանոս Սյունեցին, ուսանել է պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: 8-րդ դարում Մաքենիսում գործել է Սյունյաց վարդապետարան դպրոցը, որն այնուհետև փոխադրվել է Շաղատ, ապա` Տաթևի վանք (9-րդ դ):

    Մաքենյաց վանական համալիրը բաղկացած է հուշարձանների երկու խմբից: Հիմնական խումբը պարսպապատ է: Պարիսպները կառուցված են հուշարձանախմբի հյուսիսային, արևելյան և մասամբ էլ հյուսիս-արևելյան կողմերում, որոնք լավ են պահպանվել մինչև մեր օրերը: Այն շինված է անտաշ քարերից և անշաղախ է, տեղ-տեղ հասնում է մինչև 8-9 մետր բարձրության:  Պարսպապատ տարածքի ներսում գտնվում է վանքի գլխավոր տաճարը` սբ. Աստվածածին եկեղեցին: Նրան հարավ-արևմուտքից կից է միանավ մի եկեղեցի, որն ավելի վաղ ժամանակների կառույց է: Արևմտյան կողմում եղել է հետագայում ավելացրած հասարակ գավիթ, որից ներկայումս պահպանվել են միայն պատերի մնացորդներ։ Բակում կան  բազմաթիվ խուցերի և այլ  շինվածքների  ավերակներ։

    Գլխավոր եկեղեցին կառուցված է մուգ-դարչնագույն տուֆից` հիմնականում սյունյաց ճարտարապետական դպրոցին յուրահատուկ շինարարական տեխնիկայով: Քարերն այստեղ լավ են մշակված, շարքերն համեմատաբար կանոնավոր են: Հատակագծային կոմպոզիցիայով տաճարը մոտենում է Կոթավանքին: Ներքուստ խաչաձև, գմբեթավոր կառույց է, բոլոր անկյուններում (բացառությամբ հարավ-արևմուտքի) առկա են միհարկանի ավանդատներ: Եկեղեցին ունի մեկ մուտք` արևմտյան կողմից:

    Երկրորդ հուշարձանախումբը գտնվում է պարսպից դուրս, աոաջին խմբից 20-30 մետր դեպի հարավ-արևելք: Այն բաղկացած է իրար կից երկու թաղակապ եկեղեցիներից: Սրանք ևս հին են (9 - 10 դդ.), նորոգման հետքեր և արձանագրություններ չունեն:

    Հարավային կողմում եղել է գերեզմանատուն, ուր այժմ մի  քանի խաչքարեր կան միայն: