ՍԵՎԱՆ

ՍԵՎԱՆ
Սևանը գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին՝ Հրազդան գետի վերին հոսանքի ավազանում: Քաղաքը հիմնադրվել է 1842 թվականին Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորների կողմից, որոնք քաղաքը անվանել են Ելենովկա Նիկոլայ I ցարի կնոջ անունով:
Մինչև խորհրդային իշխանությունը բնակչության հիմնական զբաղմունքը եղել է երկրագործությունը, անասնապահությունը, ձկնորսությունը և արհեստները: Խորհրդային ժամանակներում կառուցվեցին մի քանի գործարաններ, որոնք այժմ չեն գործում: 1935 թվականին քաղաքը անվանվեց Սևան: Սևանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1961 թվականին:
Սևանում գործում են 7 հանրակրթական դպրոց, քոլեջ, բժշկական և արհեստագործական ուսումնարան, արվեստի դպրոց, երաժշտական դպրոցներ, մարզադպրոց: Բավական զարգացած է գյուղատնտեսությունը, որի հիմնական ճյուղերն են կարտոֆիլի, կաղամբի, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը: Սևանում են գտնվում Երևանի բուսաբանական այգու մասնաճյուղը, «Սևան» ազգային պարկի գլխավոր գրասենյակը և թանգարանը:
Սևանը նպաստավոր աշխարհագրական դիրք ունի: Այն գտնվում է Երևան - Իջևան և Երևան – Գավառ ավտոմայրուղիների, ինչպես նաև Երևան – Սոթք երկաթուղու խաչմերուկում: Սևանա լճի մոտիկությունը, հանգստավայրերի, գեղեցիկ լողափերի առկայությունը, թերակղզու միջնադարյան եկեղեցիները, հիանալի բնությունը, հյուրանոցների և հանգստյան տների առկայությունը Սևանը դարձնում են զբոսաշրջության կենտրոն և հանգստյան գոտի: Ամռան շոգին բազմաթիվ մարդիկ գալիս են Սևան՝ հանգստանալու, լողալու և վայելելու գեղեցիկ բնությունը: Սևանի թերակղզու վրա է գտնվում Վազգենյան հոգևոր դպրանոցը, որտեղ սովորելուց հետո ուսանողները շարունակում են իրենց հոգևոր կրթությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում: Սևանում զարգանում են ջրային սպորտաձևերը, մասնավորապես առագաստանավային սպորտը, թիավարությունը, սերֆինգը, ծովափնյա ֆուտբոլը, ծովափնյա վոլեյբոլը և այլ սպորտաձևեր:
Սևանի քույր-քաղաքներն են Բրոդնիցան (Լեհաստան), Բուսսի-Սեն-Ժորժը (Ֆրանսիա):