ՎԱՐԴԵՆԻՍ

քաղաք
12 747
1 943մ
Վարդենիս
40°09′52″ հս.լ. 45°25′04″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Վոլոդյա Խլոյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (269)
Փոստային Ինդեքսներ: 
1601-1603

ՎԱՐԴԵՆԻՍ


 

    Վարդենիսը գտնվում է Սևանա լճի հարավ-արևելյան մասում, Մասրիկ գետի հովտում: Վարդենիսը հիմնադրվել է 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Ծաղկոտն գավառի Դիադին քաղաքից գաղթած հայերի կողմից: Տարբեր ժամանակներում ունեցել է Գեղամաբակ, Վասակաշեն, Ոսկեշեն, Բասարգեչար անունները:

    1969 թվականից քաղաքը կրում է Վարդենիս անունը: Քաղաքի կարգավիճակ է ստացել 1995 թվականին: Նախախորհրդային շրջանում բնակչությունը զբաղվել է երկրագործությամբ և անասնապահությամբ: Խորհրդային շրջանում Վարդենիսի տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն էր: Կառուցվեցին հաստոցաշինական, փոշեմետալուրգիական, հացի, գարեջրի գործարաններ, գորգագործական ֆաբրիկա և այլն: 

  Այժմ զարգացած արդյունաբերությունից մնացել են միայն սննդի ձեռնարկությունները: Վարդենիսում տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունը և հողագործությունը: Վարդենիսում գործում են 4 հանրակրթական դպրոց, 2 երաժշտական դպրոց, 2 մշակույթի տուն, մանկապարտեզներ, գեղարվեստի դպրոց, մանկավարժական քոլեջ, գրադարան, հիվանդանոց:

    Մինչև 1988 թվականը Վարդենիսում ապրում էին բազմաթիվ ադրբեջանցիներ, որոնք արտագաղթեցին Ադրբեջան հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո: Նրանց փոխարեն Վարդենիսում հիմա ապրում են Ադրբեջանից բռնագաղթած մոտ 700 հայեր:

    Վարդենիսը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այն ժամանակին եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում: Վարդենիսում և նրա շրջակայքում հայտնաբերվել են մ.թ.ա. III-I հազարամյակների դամբարաններ, կիկլոպյան ամրոցի մնացորդներ, XV-XVIII դարերի խաչքարեր: Քաղաքում գործում է  XIX դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է IX դարի ավերված եկեղեցու տեղում: Այնտեղ ստեղծագործել է XVI դարի հայ պատմիչ Հովհաննես Ծարեցին:

    Վարդենիսում է ծնվել Համազասպ Համբարձումյանը՝ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հայրը: Վարդենիսում գտնվում է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը և նրա կիսանդրին:

    Վարդենիսի քույր քաղաքն է ֆրանսիական Ռոման-Սյուր-Իզեր քաղաքը: