ՃԱՄԲԱՐԱԿ

քաղաք
7 416
1 860մ
Ճամբարակ
40°35′43″ հս.լ. 45°20′51″ ավ.ե.
Համայնքի Ղեկավար: 
Յուրա Ավալյան
Հեռախոսային Կոդ: 
+374 (265)
Փոստային Ինդեքսներ: 
1301-1304

ՃԱՄԲԱՐԱԿ


 

    Ճամբարակը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում, Արեգունի և Միափորի լեռնաշղթաների միջև, Գետիկ գետի հովտում: Ճամբարակը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից, որոնք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակը և Ներքին Ճամբարակը:

    Կրասնոսելսկի նախկին անվանումներից են Միխայլովկան, Կարմիրը: Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1740-1785 թվականներին Ռուսաստանի Սամարայի և Սարատովի նահանգներից վերաբնակեցված ռուս աղանդավորների կողմից: Ճամբարակը քաղաքի կարգավիճակ է ստացել 1996 թվականին: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, հիմնականում կարտոֆիլի, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը: Քաղաքում գործում է «Աշտարակ կաթ» ընկերության տեղական պանրագործարանը: Քաղաքում գործում են 4 միջնակարգ դպրոց, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ, մարզադպրոց, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց:

    Խորհրդային տարիներին Ճամբարակում ապրում էին հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր և մորդվացիներ: 1988 թվականից հետո հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով ադրբեջանցիները արտագաղթեցին Ադրբեջան, իսկ Ճամբարակում վերաբնակվեցին Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Շամխորից և Ադրբեջանի այլ վայրերից  բռնագաղթած հայեր: 1992-1994 թվականներին գրեթե ողջ ռուս բնակչությունը տեղափոխվեց Ռուսաստան:

    Քաղաքում կան XI և XV-XVI դարերի եկեղեցիների ավերակներ, խաչքարեր: