ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՐԵՐ

Տիպ: 
Սահմանաքար
Տեղադրություն: 
Գեղարքունիքի մարզ
ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՐԵՐ

Գեղարքունիքի մարզում հայտնաբերված հնագիտական արժեքավոր գտածոներից են Արտաշեսյան սահմանաքարերը: ՀՀ տարածքում գտնվել են թվով 15 այդպիսի սահմանաքարեր, որոնցից 10-ը` Գեղարքունիքի մարզից:

    Քարակոթող սահմանասյունները պատրաստվել են 150-180 տարի մեր թվագրությունից առաջ Հայոց թագավոր Արտաշես Առաջինի հրամանով: Դրանք տեղադրվել են մասնավոր հողատարածքների, դաստակերտ-ագարակների և գյուղական համայքների սահմանաբաժաններում: Արտաշես Առաջինի նպատակն է եղել կատարել է հողային բարենորոգումներ, կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։

    Քարակոթող սահմանասյուներն արժեքավոր են նրանով, որ ունեն արամեերեն արձանագրություններ: Դրանց մեծ մասի բովանդակությունը հետևյալն է. «Ես, Արտաշես արքան, որդի Զարեհի Երվանդական, բաժանեցի այս հողը գյուղ(եր)ի միջև»:

    ՀՀ տարածքում հայտնաբերվել են ավելի ընդարձակ արձանագրություններ պարունակող սահմանաքարեր: 1971 թ. Իջևանի շրջանի Թեղուտ գյուղից գտնված երկու սահմանաքարերը, որոնք կրում են նույն արձանագրությունները, վերծանվել են այսպես` «Արտաշես արքա Երվանդականի, Զարեհի որդու, Բարու, թագակրի, Խշատրայի դաշնակցի, հաղթողի այն ամենը, ինչ քաջալերում է չարը. 10-րդ տարում: Արտաշեսը` Զարեհի որդին, բաժանեց հողը գյուղերի միջև», իսկ Սպիտակի մերձակայքից 1977 թ. գտնված սահմամաքար քարակոթողը ընթերցվել է` «Արտաշես արքա, Երվանդունի վեհը, որդի Զարեհի, բաժանող հողը, այստեղ, (այսինչ) գյուղի մեջ...»:

    Ուսումնասիրելով և դասակարգելով հայտնաբերված Արտաշեսյան քարակոթող սահմանասյուները, հնագետները դրանց արամեատառ արձանագրություններում նշված «Երվանդական» բառը կապում են «Երուանդ»-ի` հնդեվրոպական ամպրոպի աստծո դիցանվան հետ և հնարավոր են համարում «Երուանդական» բառի «աստվածային», «աստվածազարմ» թարգմանությունը, որի դեպքում արքայի տիտղոսաշարը կստանա հետևյալ տեսքը. «Արտաշես արքան, Զարեհի որդին աստվածային» . . .