sevan

 

Սևանա լիճ

 


 

  • Սևանա լիճը Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում ամենամեծ լիճն է:
  • Այն զբաղեցնում է Հայաստանի մակերեսի մոտ 5 տոկոսը:
  • Լճի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1900 մ:
  • Լճի մակերեսը 1243 քառակուսի կմ  է:
  • Առավելագույն խորությունը մոտ 80մ է, միջին խորությունը՝ 27մ:
  • Ջրի ծավալը կազմում է 32 մլրդ խորանարդ մետր:

    Սևանա լիճը աշխարհի ամենաբարձր քաղցրահամ մեծ լճերից մեկն է: Իր բացառիկ գեղեցկության համար լիճը անվանում են «կապուտաչյա գեղեցկուհի» և «Հայաստանի մարգարիտ»: Հնում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Վանա և Ուրմիա լճերի հետ միասին, Սևանա լիճը պատմական Հայաստանի տարածքում երեք խոշոր լճերից մեկն է, որոնց հավաքական կերպով անվանել են Հայաստանի ծովեր:

    Լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում: Այն Արտանիշի և Նորատուսի թերակղզիներով, որոնց միջև հեռավորությունը մոտ 5կմ է, բաժանվում է երկու մասի՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Այն շրջապատված է Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի և Գեղամա լեռնաշղթաներով: Սևանի մեջ թափվում են  մեծ ու փոքր 28 գետեր, որոնցից կարելի է նշել Գավառագետը, Արգիճին, Ձկնագետը, Մասրիկը: Արտահոսում է միայն Հրազդան գետը: Լճի ափերը մասնակիորեն ծածկված են արհեստական անտառներով:

    1933 թվականին սկսվեցին Սևանի մակարդակի արհեստական իջեցման աշխատանքները: Մինչ այդ լճի մակարդակը գտնվում էր ծովի մակարդակից 1916մ բարձրության վրա, մակերեսը կազմում էր 1416 քառակուսի կմ , առավելագույն խորությունը հավասար էր 98.9մ-ի, իսկ ջրի ծավալը՝ 58,5մլրդ խորանարդ մ-ի: 1940-ական թվականներին կառուցվեց Սևան-Հրազդան ոռոգչա-էներգետիկ համալիրը, որի հետևանքով մեծացավ Հրազդան գետով կատարվող ջրի արտահոսքը: Խախտվեց լճի բնական վիճակը, և Սևանի մակարդակը իջավ մոտ 18մ-ով: 60-ական թվականներին լճի մակարդակի իջեցման պատճառով ծագեցին մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնց լուծման համար որոշվեց կառուցել «Արփա-Սևան» ջրատար թունելը: Այժմ իրականացվել է «Արփա-Սևան» և «Որոտան-Արփա» ջրատար թունելների կառուցումը, որոնց շնորհիվ լճի մակարդակը բարձրացել է 3մ-ով և շարունակում է բարձրանալ:

    Հայաստանի համար հսկայական է Սևանա լճի բնապահպանական և տնտեսական նշանակությունը: Այստեղ է ամբարված հանրապետության քաղցրահամ ջրերի առավելագույն մասը: Այժմ, երբ բնակչությանը քաղցրահամ ջրով ապահովելու խնդիրը սրվում է աշխարհի շատ երկրներում, Սևանա լիճը հանդիսանում է քաղցրահամ ջրի կարևորագույն պահեստարան մեր հանրապետության համար: Լճում բազմանում են տեղական իշխան ձուկը և Լադոգա լճից բերված սիգ ձկնատեսակը, սակայն ներկայումս ձկան պաշարները աղետալի չափով նվազել են: 

    Սևանա լճի ափերին կան գեղեցիկ լողափեր, որտեղ ամռանը հնարավոր է կազմակերպել բնակչության հանգիստը և զբոսաշրջություն: Սևանա լճի մոտակա վայրերում կան հնադարյան և միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ, որոնցից կարելի է առանձնացնել Սևանավանքը, Հայրավանքը, Վանեվանը, Նորատուսի միջնադարյան խաչքարերը, ուրարտական արձանագրությունները, Լճաշենի հինգհազարամյա բնակավայրն ու դամբարանները: 

    Սևանի պահպանությունը պետական և համազգային կարևորագույն խնդիր է, որի լուծման համար ստեղծվել է «Սևան ազգային պարկ» պետական կազմակերպությունը: