ՍԵՎԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Տիպ: 
Եկեղեցի
Տեղադրություն: 
Սևանա թերակղզի
Կոորդինատներ: 
40.5639 հս.լ. 45.0109 ավ.ե.
ՍԵՎԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Սևանա թերակղզու վրա մինչև մեր օրերը կանգուն վիճակով պահպանվել են երկու պատմական եկեղեցիներ` Սբ. Առաքելոցը և Սբ. Կարապետը: Եկեղեցիների հիմնադրումը կապվում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու ժա­մանակաշրջանին։

    Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը ծավալելու ընթացքում, Սևանա կղզով անցնելիս, քանդում է այնտեղի հեթանոսական մեհյանը և տեղում հիմնում Ս. Հարության փայտաշեն մատուռը։ Իններորդ դարի երկրորդ կեսին այստեղ է առանձնանում նշանավոր աստվածաբան Մաշտոց վարդապետ Եդվարդեցին (հետագայում` Ամենայն Հայոց կաթողիկոս 897-898 թ.թ.): 874 թ. Մաշտոց վարդապետը Աշոտ Ա Բագրատունի թագավորի դստեր` Մարիամ իշխանուհու աջակցությամբ, փայտաշեն մատուռի փոխարեն կառուցում է Սբ. Առաքելոց և Սբ. Կարապետ քարաշեն եկեղեցիները։ Նրա ջանքերով ստեղծվում է վանական միաբանություն: Մատուռի հիման վրա նորովի կառուցված վանքերով Սևանա կղզին դառնում Է Արևելյան Հայաստանի սրբության ու անապատականաթյան կարևոր կենտրոններից մեկը։

    Սևանա վանքը միջնադարում մեծ հեղինակություն է ունեցել և եղել է վանական կարևոր գրչության կենտրոն։ Մատենադարանում պահպանվող շատ ու շատ ձեռագրեր ծաղկել են Սևանի միաբան վանականները։ Սևանա վանքի վերջին վանահայրերից է եղել Խորեն վարդապետ Մուրադբեկյանը (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս 1932-1938 թ.թ.):

    1897 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, շուշիաբնակ մեծահարուստ Ավետիք Ղուկասյանի բարերարությամբ, Սևանա կղզում հիմնում Է վանական դպրանոց:

    Հայաստանի խորհրդայնացումից հետո` 1930 թ. իշխանությունների որոշմամբ, Սևանա վանքերն ու դպրանոցը փակվում են և որպես հուշակոթող անցնում են Հուշարձանների պահպանության կոմիտեի հսկողության տակ: Նրանց դռները բացվում են միայն 1990 թ.` խորհրդային կարգերի փլուզումից հետո` երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի (ներկայումս Ամենայն Հայոց կաթողիկոս) անմիջական նախաձեռնությամբ ու Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցու­թյամբ։

    Սբ. Առաքելոց և Սբ. Կարապետ եկեղեցիներն իրենց ճարտարապետա-հատակագծային լուծումներով և կառուցվածքային առանձնահատկություններով IX - X դարերի հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի հմուտ վարպետների կողմից ստեղծված նշանավոր կառույցներից են:

    Սբ. Առաքելոց եկեղեցին Սևանի ճարտարապետական համալիրի փոքր եկեղեցին է: Հատակագծային կոմպոզիցիայով խաչաձև, եռաբսիդ կառուցվածք է, հարավ-արևելյան կողմում ունի մեկ ավանդատուն: Մուտքի դուռը հարավից է, որը բացվում է արևմտյան կողմի ուղղանկյունաձև խաչաթևի մեջ: Եկեղեցին դրված է երկաստիճան որմնախարիսխի վրա: Պատերը մինչև գմբեթարդն անջատող գոտին շարված են կոպիտ տաշված բազալտից: Գմբեթակիր կամարները, գմբեթարդները, թմբուկը և գմբեթը շարված են գորշագույն տուֆի համեմատաբար լավ մշակված քարերից: Գմբեթակիր կամարները միաշերտ են:

    Եկեղեցու արտաքին ծավալային մշակումը համապատասխանում է նրա ներքին կոմպոզիցիային: Թմբուկն ութանիստ է: Կառույցի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարանքները համեստ են: Հուշարձանի ճակատները ոչ մի էական փոփոխությունների չեն ենթարկվել: Միայն տանիքի երեսապատող սալերը ժամանակի ընթացքում բոլորն էլ վերաշարվել են` տեղ-տեղ փոխարինվելով նորերով:

    Համալիրի երկրորդ հուշարձանը Սբ. Աստվածածին եկեղեցին է, որը գտնվում է Առաքելոց եկեղեցուց հարավ-արևելք, նրանից 10 մետր հեռավորության վրա: Իր ճարտարապետա-հատակագծային լուծումով` նա հիմնականում նման է Առաքելոց եկեղեցուն, սակայն չափերով զգալիորեն մեծ է նրանից: Այստեղ նույնպես առկա է հարավ-արևելյան անկյունում կառուցված ավանդատունը: Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյունում, նրա կառուցումից ավելի ուշ, կցակառուցված է մի սենյակ, որը եկեղեցու հետ կապվում է հատակից զգալի բարձրության վրա գտնվող բացվածքի միջոցով: Ըստ ավանդության, այս սենյակից ժամերգություն է լսել Մարիամ իշխանուհին:

    Չափերով համեմատաբար ավելի մեծ լինելու պատճառով հուշարձանի գմբեթակիր կամարները արված են ավելի ուժեղ և երկշերտ: Այստեղ նույնպես թմբուկն ութանիստ է: Արտաքին ծավալային մշակումը աչքի է ընկնում իր պարզ և հստակ ձևերով: Ոչ պատերը և ոչ էլ թմբուկը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների չեն ենթարկվել: Նույնը չի կարելի ասել տանիքի մասին, որտեղ երեսապատող սալերը վերաշարվել են, իսկ որոշ մասը հանվել է և նորով փոխարինվել:

    Սևանի եկեղեցիներն իրենց տեսքով և տեղադրությամբ լրացնում են մեկը մյուսին և դիտվում են որպես ճարտարապետական մեկ միասնական համալիր: Տեղադրված լինելով կղզու հարավ-արևմտյան լանջի բարձրադիր մասում` հուշարձանները լավ են երևում թե լճից և թե առափնյա տարածքներից: Ներդաշնակելով կղզու աստիճանաբար բարձրացող լեռնալանջի հետ և դիտվելով լեռնային կապույտ երկնքի ֆոնի վրա, նրանք հիանալի կերպով ներգծվում են շրջակա լեռնային բնանակարի մեջ և թողնում անմոռանալի տպավորություն: Այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի լճի կապուտակ ջրերը և հորիզոնը պարփակող բարձր լեռնալանջերը: