ՇՈՂԱԳԱՎԱՆՔ

Տիպ: 
Եկեղեցի
Տեղադրություն: 
Ձորագյուղ գյուղ
ՇՈՂԱԳԱՎԱՆՔ

Շողոգավանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում: Համաձայն հայ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի, վանքի միաբանությունը հիմնել է Գեղարքունիքի իշխանուհի` հայոց թագավոր Աշոտ Բագրատունու դուստր Մարիամը:

    Նրա հովանավորությամբ գյուղի արևմտյան մասում, բարձրադիր լեռնաճյուղի վրա վաղամեռիկ ամուսնու` իշխան Վասակ Գաբուռի հիշատակին 877-886 թթ. կառուցվել է Սուրբ Պետրոս եկեղեցին` Շողագավանքը (նախկինում ավելի գործածական է եղել Շողվագավանք անվանումը):

    Եկեղեցուց ներկայումս կանգուն է մնացել միայն հյուսիսային պատը և արևելյան ու արևմտյան պատերի առանձին հատվածներ: Տաճարի պատերի վերին հատվածում, նրա ամբողջ պարագծով` մեկ տողով գրված է եղել շինարարական արձանագրություն, որից պահպանվել է միայն նրա առանձին հատվածներ: Պատմագիր Ստ. Օրբելյանը օգտագործել է այդ արձանագրությունը Մարիամ իշխանուհու գործունեությունը շարադրելու համար: Արձանագրությունում ասվում է, որ Մարիամ իշխանուհին վանքին որպես կալվածք նվիրել է հարկերից ազատված Շողագա և Գներ գյուղերը:

    Շողագավանքն ունի հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի IX-X դարերում մշակված` կենտրոնագմբեթ, ներսից խաչաձև` եռախորան հորինվածք: Հուշարձանի պահպանված մասերը հնարավորություն են տալիս վերակազմել ինչպես հատակագծային, այնպես էլ նրա րնդհանուր ծավալային կոմպոզիցիան: Այն խաչաձև տարածական լուծում ունեցող մի կառուցվածք է, որի խաչաթևերի հատումից ստացված գմբեթակիր քառակուսու վրա բարձրանում է բազմանիստ գմբեթը: Ելնելով նույն դարաշրջանում նմանատիպ կառույցների ընդհանրացած ձևերից, հավանական է համարվում, որ գմբեթը եղել է ութանիստ:

    Հատակագծային կոմպոզիցիայով Շողագավանքը եռաբսիդ կառուցվածք է, արևմտյան ուղղանկյուն, համեմատաբար ավելի ձգված խաչաթևով։ Ճարտարապետական լուծումներով այն նման է Հռիփսիմեի տիպի տաճարներին: Սակայն, ի տարբերություն տվյալ ժամանակաշրջանի նմանատիպ կառույցներին, հուշարձանն ունի առանձնահատկություններ, որոնցից մեկը ավանդատների առկայությունն է նրա չորս անկյուններում: Այստեղ առաջին անգամ ի հայտ են գալիս ավանդատներ՝ կառուցվածքի ոչ միայն արևելյան, այլև արևմտյան անկյուններում։ Բոլոր ավանդատներն էլ միհարկանի են և ծածկված են եղել կիսաշրջանաձև թաղերով: Նրանք լուսավորվել են հուշարձանի արևելյան և արևմտյան ճակատներում բացված փոքրիկ, բարձրադիր լուսամուտների միջոցով։

    Հուշարձանը կառուցված է տուֆի համեմատաբար լավ մշակված քարերից: Եկեղեցու ներքին ձևավորումները գրեթե զուրկ են դեկորատիվ հարդարանքից, սակայն ճակատները ունեն համեմատաբար հարուստ մշակում։ Առավել հետաքրքիրն այստեղ՝ հյուսիսային ճա­կատի խորշերն են, որոնք, ըստ երևույթին, կրկնվել են և հարավային, և արևելյան ճակատներում։ Խորշերն ունեն կիսաշրջանաձև հատակագիծ և տեղավորված են աբսիդը լուսավորող միակ լուսամուտի երկու կողմերում։ Դրանով Շողագավանքը զգալիորեն տարբերվում Է ինչպես VII, այնպես էլ հետագա դարերի հուշարձաններից, և այս կառուցվածքի կիսաշրջանաձև խորշերը մնում են որպես եզակի օրինակներ ամբողջ հայկական ճարտարապետության պատմության մեջ։ Նշված երկու խորշերի միջև տեղավորված է երրորդ, այս անգամ արդեն եռանկյուն հատակագիծ ունեցող խորշը, որի մեջ էլ բացվում է աբսիդի կենտրոնական լուսամուտը։ Խորշի և լուսամուտի այսպիսի հորինվածքը նույնպես եզակի օրինակ է հանդիսանում և անհայտ է և հնում, և հետագա դարերում։

    Եկեղեցուց արևմուտք, նրանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է մի փոքրիկ թաղածածկ եկեղեցի: Ենթադրվում է, որ այն կառուցվել է Մարիամ իշխանուհու գերեզմանի վրա: Ըստ Ստեփանոս Օրբելյանի` 910 թ. արաբական արշավանքների ժամանակ, Մարիամը իր երկու որդիների հետ, փախչելով Յուսուֆ զորավարի հրոսակներից, սկզբում փորձում է ամրանալ Սևանում, սակայն ստիպված թողնում է այն և անցնելով լճի հյուսիս- արևմտյան ափը, ուղևորվում` Գարդման: Մարիամին ուղեկցող հայ զինվորները, դարանակալելով արաբներին, խիստ ջարդ են տալիս նրանց, սակայն իշխանուհին չի դիմանում ճանապարհի փորձություններին և մահանում: Որդիները նրա աճյունը տեղափոխում են և մեծ շուքով թաղում Շողագավանքում:

    Հետագայում վանքի տարածքում կառուցվել են Շողակաթ, Ծիրանավոր, Սուրբ Աթանագինես եկեղեցիները, որոնք չեն պահպանվել: Համալիրի շրջակայքում կան բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր, որոնցից հնագույնը` 1216 թ.: Շողագավանքը գործել է մինչև ուշ միջնադար, XVII դ. վանքում Հայրապետ գրիչը ընդօրինակել է ձեռագրեր: