ՎԱՆԵՎԱՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Տիպ: 
Եկեղեցի
Տեղադրություն: 
Արծվանիստ գյուղ
Կոորդինատներ: 
40°12′00″ հս.լ. 45°41′00″ ավ.ե.
ՎԱՆԵՎԱՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Վանեվան վանական համալիրը կառուցվել է Բագրատունյաց թագավորության օրոք Հայոց  սպարա­պետ Շապուհ Բագրատունու և նրա քույրը՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի կողմից։ Բագրատունյաց թագավորության ժամանակ /IХ-ХI դդ./, երբ Գեղարքունիքը միացված է եղել Անիի թագավորությանը, Գեղարքունյաց իշխանական նստավայրն էր Կոթ գյուղաքաղաքը /այժմ` Ն. Գետաշեն/:

    Պատմական այդ ժամանակաշրջանում արքայական օժանդակությամբ ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ կառուցվեցին, որոնցից էր նաև Վանեվանը։ Այն գտնվում է ներկայիս Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ գյուղում։ Արծվանիստը հնում փոքր գյուղ է եղել և Ստ. Օրբելյանի վկայությամբ կոչվել է Վանեվան, ապա Կթանոց, հետագայում` Ալուչալու, այժմ Արծվա­նիստ։ Նախկին անունները հիշատակվում են նաև հին արձանագրություններում։

   Վանեվան վանական համալիրը կառուցված է գյուղի հարավ-արևելյան եզրին, լեռային գետա­կի աջ ափի հարթության վրա` եզերված բարձր ժայռերով։ Համալիրը բաղկացած է    գլխավոր` գմբեթավոր եկեղեցուց, որը կոչվում է սբ. Գրիգոր, նրանից հարավ գտնվող թաղածածկ եկեղեցուց և այս երկուսի միջև տեղավորված գավթից: Գավիթի արևելյան կողմում կառուցված են մի քանի փոքր խցեր, որոնք գավիթի հետ կապվում են նրա արևելյան պատում բացվող դռան միջոցով:

   Գլխավոր եկեղեցին ըստ հատակագծային հորինվածքի` քառաբսիդ կառուցվածք է, արևելյան խաչաթևին կից երկու ոչ մեծ ավանդատներով: Շինված է կոփածո և սրբատաշ քարերով։ Ներքուստ խաչաձև է, ունի ութկողմանի գմբեթ։ Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, որի լայնությունն ընդամենը մեկ մետր է։

   Կոնստրուկտիվ տեսակետից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցու գմբեթակիր կամարները: Առավել ուշագրավը կամարի առաջին և երկրորդ շերտերի միջև տեղավորված սեպաձև շարքի գոյությունն է, որի բարձրությունը աստիճանաբար աճում է և կամարի գագաթի մոտ հասնում մոտ 50 սմ հաստության: Սեպաձև այս շարքը, ավելացնելով կամարի վերին շերտի սլաքը, էլ ավելի է բարձրացնում գմբեթակիր կամարը և ավելացնում նրա կայունությունը: Այս լուծումը պատկանում է այդ տիպի կոնստրուկցիաների հնագույն օրինակների թվին:

   Գլխավոր եկեղեցու վրա պահպանվել է Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու շինարարական արձանագրությունը` փորագրված եկեղեցու թմբուկի հարավ-արևմտյան նիստին: Ըստ այդ արձանագրության` եկեղեցին կառուցվել է` 903 թվական: Մյուս կառույցների վրա արձանագրություններ չկան, և անհայտ է դրանց կառուցման ժամա-նակները։ Վանքն ունեցել է իր գերեզմանատունը, որը գտնվում է արևելյան կողմում բարձրացող ժայռի գլխին: Այնտեղ այժմ մնացել է մի քանի հին խաչքարեր և գերեզմանա-քարեր:

   Վանական համալիրը ժամանակին վերանորոգել և բակը պարսպատել է «շահնշահ Աշոտի որդի Գագիկը»: 1983-88 թվականներին Վանեվանն ամբող­ջությամբ վերականգնվել է և ներկայումս գործող եկեղեցի է: